ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրը խորհրդանշական էր Պետական եկամուտների կոմիտեում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման արարողություն՝ նվիրված նաև Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարելիցին։
Ողջունելով ներկաներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է անկախությունը, որպես արժեք և պատասխանատվություն՝ ընդգծելով, որ անկախության ամրապնդումը հնարավոր է անկախ և ուժեղ պետական ինստիտուտների ու նվիրված մարդկանց համատեղ ջանքերի շնորհիվ։ «Մենք թևակոխել ենք նոր շրջափուլ, որի առանցքային ուղերձը անկախությունն է: Այս նշանակալի օրը առիթ է՝ արժևորելու ՊԵԿ պատասխանատու առաքելությունը և գնահատելու այն աշխատակիցների բարեխիղճ ու նվիրված աշխատանքը, որոնք իրենց ամենօրյա գործունեությամբ նպաստում են անկախ պետականության կայացմանն ու տնտեսական անվտանգության ապահովմանը»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։
Շնորհավորելով ՊԵԿ աշխատակիցներին՝ ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա և ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ, ՊԵԿ նախագահը կարևորել է այն մարդկանց դերը, որոնք տարբեր ժամանակներում իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և մասնագիտական պատասխանատվությամբ կերտել ու շարունակում են զարգացնել Կոմիտեի գործունեությունը։ Էդուարդ Հակոբյանը 2025 թվականը բնութագրել է, որպես բեկումնային տարի, իսկ 2026 թվականը՝ թռիչքային՝ ընդգծելով արձանագրված ցուցանիշների աճի տեմպերն ու ստվերի նվազումը։ Այս համատեքստում կարևորվել է նաև յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն ու հոգատար վերաբերմունքն իր աշխատանքի, կառույցի, հարկ վճարողի և պետության նկատմամբ։
ՊԵԿ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմինե Ասրյանը հուշանշաններ է հանձնել 25 տարի և ավելի աշխատանքային ստաժ ունեցող կազմակերպության անդամներին, ինչպես նաև երկարամյա աշխատանքային գործունեություն իրականացնող և կազմակերպության անդամ հանդիսացող Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ որպես հարգանքի, երախտագիտության ու գնահատանքի խորհրդանիշ, որոնց շարքում էին Ջի-Սոլյուշնս ՊՈԱԿ-ի տնօրեն Ալինա Ավետիսյանը և Ջի-Սոլյուշնս ՊՈԱԿ-ի խորհրդական Սերգեյ Պատուրյանը:
Օրվա խորհուրդը ևս մեկ առիթ էր՝ արժևորելու յուրաքանչյուր աշխատակցի անցած ճանապարհը և ընդգծելու աշխատանքային գործունեությում նրանց նշանակալի ներդրումն ու մասնագիտական նվիրումը։