2026 թվականի հունիսի 26-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ կապված Կոմիտեի աշխատակիցների՝ օտարերկրյա պետություններ իրականացրած ճանաչողական և ուսումնական գործուղումների արդյունքների հետ։ Հաշվետու միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում գործուղման մեկնած աշխատակիցները ներկայացրել են ձեռք բերված միջազգային փորձը, դրա հիման վրա իրենց ամենօրյա աշխատանքում ձեռնարկված միջոցառումներն ու նորարարական լուծումները։ Հանդես են եկել նաև նոր առաջարկություններով, որոնց իրագործումը կնպաստի Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև առաքելության և տեսլականի իրագործմանը։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը՝ անդրադառնալով «Թվայնացում և ՏՏ համակարգեր. արհեստական բանականության (AI) կիրառումը հարկային վարչարարությունում» թեմայով CEF աշխատաժողովի հիմնական դասերին և ՀՀ ՊԵԿ-ի համար դրանց գործնական նշանակությանը։ Զեկուցողը մանրամասնել է, թե որ ուղղություններով է ձևավորվում թվային վարչարարության արժեքը, ինչու է արհեստական բանականության ներդրումն այսօր առանցքային նշանակություն ստացել և ինչպիսի առաջադեմ վերլուծություններ կարելի է իրականացնել վերջինիս կիրառմամբ։
Թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել միջոցառման մասնակիցների շրջանում. ծավալվել է ակտիվ քննարկում, իսկ աշխատակիցների կողմից հնչեցված հարցերին տրվել են սպառիչ և բովանդակալից պատասխաններ։