ՀՀ պետական եկամուտների կոմիտեում մայիսի 22-ին տեղի է ունեցել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական բացման ու CertScan ծրագրի գործարկման հանդիսավոր արարողությունը:
CertScan ծրագրի շրջանակներում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Ջի Սոլյուշնս ՊՈԱԿ-ի Տեխնիկական և ԱՏԳ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտները՝ ի դեմս դեպարտամենտների ղեկավարներ Գալուստ Գալստյանի և Լևոն Նալբանդյանի:
Նախագծերն իրականացվել են «Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության աջակցության» (EXBS) ծրագրի շրջանակում՝ S2Global ընկերության հետ համագործակցությամբ, ԱՄՆ կառավարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության U.S. Embassy Yerevan աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, S2Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, EXBS ծրագրի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, Ջի Սոլյուշնս ՊՈԱԿ-ի, Ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ու պաշտոնատար անձինք։
«Հայաստանի մաքսային վարչարարության և սահմանային անվտանգության համակարգի շարունակական արդիականացման գործընթացում կենտրոնի գործարկումը կարևոր առաջընթաց է մեր գործառնական և վերլուծական կարողությունների զարգացման տեսանկյունից», - նշել է Էդուարդ Հակոբյանը։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել EXBS-ի հետ ձևավորված երկարատև և ամուր համագործակցությունը՝ նշելով որ Հայաստանն ու ԱՄՆ-ն պատմության նոր էջ են կերտում, որն ավելի քան ռազմավարական է և միտված է Հայաստանի բեկումնային զարգացմանը՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիական ու լոգիստիկ հանգույցի։
ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ևս ընդգծելով գործընթացի կարևորությունը՝ հայտնել է, որ միջոցառման շրջանակում պաշտոնապես Կոմիտեին է հանձնվում CertScan տեխնոլոգիան։ «Այս ստուգման հարթակը կօգնի պարզեցնել և արագացնել բեռների ստուգման ամբողջ գործընթացը, կրճատել սպասարկման ժամանակը՝ միաժամանակ կանխելով մաքսանենգության հնարավոր դեպքերն ու դյուրացնելով օրինական առևտրային հոսքերը։ Մենք աջակցում ենք Հայաստանի սահմանային անվտանգության արդիականացմանը՝ տրամադրելով համաշխարհային մակարդակի տեխնոլոգիաներ և փորձագիտական աջակցություն», - տեղեկացրել է Դեյվիդ Ալենը:
S2Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինը վստահեցրել է, որ CertScan համակարգը երկար տարիներ արդյունավետորեն կծառայի նպատակին։ «Նոր ներդրված հարթակը շահագործող մաքսային մասնագետներն անցել են լայնածավալ վերապատրաստում և լիովին պատրաստ են աջակցելու ընթացիկ գործառնական աշխատանքներին», - մատնանշել է Մայքլ Մագլոթինը։
Ներդրված CertScan համակարգը միավորում է ՀՀ ՊԵԿ սահմանային անցակետերում և տերմինալներում գործող ռենտգենյան սկանավորումների պատկերները մեկ միասնական հարթակում՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել ռենտգենյան պատկերների կենտրոնացված և իրական ժամանակում մշտադիտարկում։
Նոր հարթակի ներդրմամբ զգալիորեն կբարձրանա սահմանային անվտանգությունը՝ նպաստելով հնարավոր ռիսկերի և անվտանգության սպառնալիքների առավել արդյունավետ բացահայտմանը։