Վերադառնալ

Կիսվել

Հղումը պատճենված է

G-solutions-ը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» թեմայով միջոցառմանը

G-solutions-ը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» թեմայով միջոցառմանը

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջոցառումը, որի երկրորդ պանելային քննարկումը նվիրված է կիբեր-ֆիզիկական անվտանգությանն ու սահմանների կառավարմանը։

Քննարկվել են սահմանային անցակետերի թվային կառավարման, թվային վերափոխման, արհեստական բանականության անվտանգ կիրառման, կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արդյունավետ լոգիստիկայի և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմանն առնչվող կարևոր հարցեր։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել G-solutions ՊՈԱԿ-ի Կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Ասլանյանը, ով ներկայացրել է կազմակերպության փորձն ու տեսլականը կիբեռանվտանգության ոլորտում՝ ընդգծելով, որ թվային ենթակառուցվածքների զարգացումը պետք է ուղեկցվի անվտանգության բարձր չափանիշներով և շարունակական տեխնոլոգիական կատարելագործմամբ։
Իր ելույթում նա առանձնացրել է ժամանակակից կիբեռանվտանգության մի շարք առաջնահերթ ուղղություններ՝
•Մասնագիտացված կիբեռանվտանգություն՝ ժամանակակից սպառնալիքների բացահայտման, կանխարգելման և արագ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ։
•Համակարգային պաշտպանություն՝ պետական տեղեկատվական համակարգերի, ենթակառուցվածքների և տվյալների համապարփակ անվտանգության ապահովման նպատակով։
•Կրթական նախաձեռնություններ և իրազեկում՝ կիբեռանվտանգության մշակույթի ձևավորման և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորության ընդգծմամբ։
•Շարունակական կատարելագործում՝ նոր տեխնոլոգիաների ներդրման, գործընթացների օպտիմալացման և անվտանգության լուծումների մշտական զարգացման միջոցով։

Արտյոմ Ասլանյանը նաև նշել է, որ G-solutions-ի կողմից մշակված և շահագործվող տեղեկատվական համակարգերում կիբեռանվտանգությունը հանդիսանում է առաջնային ուղղություններից մեկը։ Այսօր կազմակերպության մասնագետներն ապահովում են ավելի քան 1200 պետական տեղեկատվական համակարգերի օգտագործողների անվտանգ աշխատանքը՝ կիրառելով ժամանակակից պաշտպանական մեխանիզմներ, մշտադիտարկման գործիքներ և միջազգային լավագույն փորձին համապատասխան մոտեցումներ։

G-solutions-ը շարունակելու է նպաստել Հայաստանի թվային ենթակառուցվածքների անվտանգ զարգացմանը՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ, ամրապնդելով կիբեռդիմակայունությունը և խթանելով պետական թվային ծառայությունների անվտանգ ու արդյունավետ զարգացումը։