Թվայնացման խորհուրդը շարունակելու է առանցքային դեր ունենալ ՊԵԿ բարեփոխումների իրականացման գործում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին աշխատանքային քննարկումը տեղի ունեցավ Թվայնացման խորհրդի շրջանակում՝ վերահաստատելով, որ թվային փոխակերպումը լինելու է ՊԵԿ-ի առաջիկա բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը։
Խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել են ՊԵԿ-ում իրականացվող թվայնացման ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերը և նոր նախաձեռնությունները, որոնք միտված են մաքսային և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, գործընթացների պարզեցմանը և քաղաքացիների ու տնտեսավարողների համար ավելի մատչելի ու ժամանակակից ծառայությունների ձևավորմանը։
Օրակարգում ընդգրկված էին մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում՝ «Հեռավար մաքսային մարմին» համակարգի ստեղծումը, «Մաքսային սպասարկում» նոր էլեկտրոնային համակարգի ներդրումը, արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնումը, առցանց էլեկտրոնային ՀԴՄ-ի կատարելագործումը, հարկային հաշվետվությունների և դրոշմանիշային վճարների հաշվառման նոր համակարգերը, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի բարելավումը։
G-Solutions-ը, որպես Թվայնացման խորհրդի ակտիվ մասնակից և պետական թվային լուծումների մշակման ու ներդրման ոլորտում վստահելի գործընկեր, շարունակում է իր մասնագիտական ներգրավվածությունը ՊԵԿ-ի թվային վերափոխման գործընթացներում։ Կազմակերպությունն իր փորձով և տեխնոլոգիական կարողություններով նպաստում է այնպիսի լուծումների ստեղծմանը, որոնք բարձրացնում են պետական ծառայությունների արդյունավետությունը, թափանցիկությունն ու հասանելիությունը։
Թվայնացումը միայն նոր տեխնոլոգիաների ներդրում չէ․ այն պետական կառավարման մշակույթի փոփոխություն է, որն ուղղված է գործընթացների օպտիմալացմանը, տվյալահեն որոշումների կայացմանը և քաղաքացիների ու բիզնեսի համար առավել որակյալ ծառայությունների ապահովմանը։ G-Solutions-ը շարունակելու է աջակցել այս ռազմավարական նախաձեռնությունների իրականացմանը՝ նպաստելով Հայաստանի պետական կառավարման համակարգի թվային զարգացմանը։